Երևանում և Գյումրիում են գործում նետաձգություն մարզաձևի խմբեր, որոնցում պարապում են շուրջ 60 մարզիկ – մարզուհիներ: Նշանառուները մարզվում են տարեսկզբից: Թիրախները տեղադրված են օլիմպիական չեմպիոն Իգոր Նովիկովի պատվին հիմնադրված պատանի հնգամարտիկների հանրապետական նախկին մարզադպրոցի տարածքում:
Հավաքականի գլխավոր մարզիչ Բորիս Վասիլյանը հաջողության հույսեր է կապում հիմնականում վեց մարզիկի հետ /Գևորգ Հազարումյան,Վիգեն Սմբատյան, Լևոն Պողոսյան,Սամվել Առաքելյան, Էրիկ Միրզոյան, Համլետ Պողոսյան /:
Նպատակ կա ունենալ Փարիզի օլիմպիական խաղերի մասնակից: Խնդիրը բարդ է, մանավանդ միջազգային մրցումների սղության պայմաններում: 2020թ., հայաստանցի մարզիկները, համավարակի պատճառով, ոչ մի մրցման չեն մասնակցել, իսկ անցյալ տարի ընդամենը մեկ մրցուղերթ է իրականացվել: Վերը նշած տղաներից Համլետ Պողոսյանը, Էրիկ Միրզոյանը և Սամվել Առաքելյանը , ինչպես ասում են, նավից ընկել են պարահանդես՝ հանդես գալով Լեհաստանում կայացած աշխարհի առաջնությանը: Որքան էլ զարմանալի թվա, մեր եռյակը հաղթահարել է որակավորման փուլի արգելքը ու մտել եզրափակիչ: Այդ փուլում, 77 մրցակցի պայքարում , Սամվելը գրավել է 76 –րդ, Էրիկը ՝ 71 –րդ , իսկ Համլետը՝ 64 –րդ տեղը:
<< Փարիզ – 2024 >> –ի օլիմպիական խաղերի ուղեգրերը մերոնք կվիճարկեն նախաօլիմպիական տարում կայանալիք աշխարհի առաջնությունում: Ընդհանրապես այդ ստուգատեսում 1/ 16 եզրափակիչ մտնող բոլոր 32 նշանառուները միշտ դարձել են օլիմպիական խաղերի մասնակից: Արտոնագիր կստանան նաև Փարիզի ստուգատեսին նախորդող ամիսներին անցկացվելիք Եվրոպայի առաջնության լավագույն ությակում տեղ զբաղեցնողները:
Ընթացիկ մրցաշրջանում Հայաստանի նետաձիգների համար կարևորվում է Գերմանիայի Մյունխենում հունիսի 5 – 12 –ը նշանակված Եվրոպայի առաջնությունը: Այն ցույց կտա մեր մարզիկների ընդհանուր պատրաստականության աստիճանը: